«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարի «Նզովք», «Լոնդոնցի մարդը» եւ նրա վերջին` «Թուրինյան ձի» ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ փառատոնին ներկա կլինի նաեւ ինքը` Բելա Տարը:
Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկիի, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սեւ-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել:
Վերջինս Բեռլինում ներկայացնելով եւ արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարել է համաշխարհային կինոյից հեռանալու մասին:
«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին:
Իսկ Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլեւ` հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում: Ինքը Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» եւ շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքով, այլ «հավատալ աչքերով ու լսել սրտով»:




























