Պաշտոնական Թբիլիսին ցավում է, որ Հայաստանը չի աջակցել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների մասին բանաձեւի քվեարկության ժամանակ:

Ինչպես ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, «Վրաստանի ԱԳՆ-ն քվեարկությունից առաջ պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ԱԳՆ-ին բանաձեւին աջակցելու խնդրանքով: Առավել եւս, մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ բանաձեւը մարդասիրական բնույթ է կրում եւ քաղաքական դրդապատճառներ չունի»,- ասել է Կալանդաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Փոխնախարարի խոսքով, «պաշտոնական Թբիլիսին ջանքեր է գործադրելու, որպեսզի համոզի հայ գործընկերներին իրենց դիրքորոշման ճշմարտացիության մեջ»:

Ըստ Կալանդաձեի, «Վրաստանն ու Հայաստանը խնդրահարույց հարցեր ունեն, որոնք քննարկում են, եւ դրանց մեջ է տվյալ հարցը»:

«Մենք գիտենք նրանց (Հայաստանի) դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը տարբերվում է Վրաստանի հայացքից, եւ բաց հայտարարում ենք, որ այն անընդունելի է մեզ համար»,- ասել է փոխնախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 29-ին Վրաստանում փախստականների իրավունքների մասին բանաձեւն ընդունվել էր 57 կողմ ձայներով: Դեմ էին քվեարկել 13 երկիր, ներառյալ Հայաստանը, 74 երկիր ձեռնպահ էր քվեարկել: