Ադրբեջանի սպառնալիքները պետք է մտահոգեն ոչ միայն Արցախի հանրապետությանն ու Արցախի ժողովրդին. Դրանք իրենց բնույթով միայն Արցախի անվտանգությանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղված: Դրանք կրում են ահաբեկչական բնույթ: Իսկ եթե դա ահաբեկչություն է, ուրեմն պետք է մտահոգի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Այդ առումով ես գտնում եմ, որ այդ սպառնալիքները հավասարաչափ վերաբերում են թե Արցախին, թե հայկական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը: Ամեն օր Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հանդես են գալիս սպառնալիքներով, եւ դրանք ուղեկցված են միլիտարիստական կոնկրետ քայլերով, եւ մենք մտահոգված ենք եւ մեզ պես պետք է մտահոգվի նաեւ միջազգային հանրությունը: Այդպիսի քաղաքականության շրջանակներում մենք պարտավոր ենք հաշվի առնել եւ չբացառել, որ Ադրբեջանը կարող է մի օր այդ խոսքերից գործի անցնել: Հետեւաբար մենք կառուցում ենք մեր աշխատանքները` ելնելով այդ իրողությունից»,- նշել է Սահակյանը:
Արցախի նախագահը նշել է, որ Արցախը պատրաստ է պատերազմին: «Այստեղ մեր դեպքում որեւէ արտառոց պահվածք չենք ընդունում: Մենք, խորապես համոզված լինելով, որ այս հարցը պետք է կարգավորվի խաղաղ պայմաններում, միեւնույն ժամանակ պարտավոր ենք մտածել` հաշվի առնելով մեր հարեւանի պահվածքը, նրանց կողմից հնչեցված հայտարարությունները: Պարտավոր ենք նաեւ ապահովել մեր երկրի անվտանգությունը, որպեսզի մեր երկրի բնակչությունը ի վիճակի լինի այդ հարաբերական խաղաղության պայմաններում իրենց առօրյան կազմակերպելու»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե փորձագիտական շրջանակներում գնալով ավելի է ամրապնդվում, տարածվում այն տեսակետը, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է, Բակո Սահակյանը պատասխանել է. «Այդ փորձագետները հենց հիմք են ընդունում Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը: Եթե մի երկրում ամեն օր ասում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը մենք այդ հարցը լուծելու ենք զենքի ուժով, ապա այդ փորձագետները իրավունք ունեն այդպիսի եզրակացություն անելու: Մենք լրջագույն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի խուսափենք հավանական պատերազմական գործողություններից: Ես համարում եմ, որ այս հակամարտությունը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրություններով: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը ունի իր պահանջները հատկապես մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունեությունը ոչ թե այդ ծայրահեղ քաղաքականության մեջ, այլ ընդհակառակը` մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցնենք ստեղծված լարվածությունը եւ փորձենք ավելի ուրիշ գործիքներ գործադրելով մոտենանք մեր հարաբերությունների պարզելուն»:
Գնահատելով ներկայումս քննարկվող փաստաթուղթը` Արցախի նախագահը նկատել է, թե Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ եւ մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: «Հետեւաբար մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար:Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ եւ մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաեւ բանակցել Արցախին, մենք , իհարկե, ողջունելու ենք: Որովհետեւ փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր»,- ասել է նա:




























