Բենզինի պահանջարկը հայկական շուկայում վերջին շրջանում ընկել է, ինչը պայմանավորված է միջազգային շուկայում վառելիքի բարձր գնով եւ նրանով, որ հայ վարորդներն ավելի շատ են նախապատվությունը տալիս գազին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի բենզին ներկրող ընկերությունների մեկի` «Միկա-լիմիտեդ»-ի ղեկավար Միխայիլ Բաղդասարովը:
Խոսելով հայկական շուկայում գնագոյացման քաղաքականության մասին` Բաղդասարովն ասել է, թե այն հիմնականում կախված է միջագային գներից եւ տարանցման ծախսերից: «Իսկ քանի որ բենզինի միջազգային գները շատ բարձր են, իսկ տարանցման ծախսերն առավել եւս, հետեւաբար հայկական շուկայում վառելիքի գինը բարձր է»,- պարզաբանել է գործարարը` հրաժարվելով պատասխանել հարցին, թե Հայաստան ներկրվող բենզինը որքա՞ն է գերազանցում Վրաստան ներկրվող բենզինին: «Մենք դեռ պիտի շարունակենք աշխատել Վրաստանի հետ»,- ասել է նա:




























