Ադրբեջանցի զինծառայողները հնարավորություն ունեն վերահսկողություն սահմանելու Մ-2 ճանապարհի եւ, ըստ էության, Կապան քաղաքի նկատմամբ, ինչը սպառնալիք է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքին եւ առողջությանը։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա հավելեց, որ ադրբեջանական դիրքերը գտնվում են Կապանի օդանավակայանի թռիչքուղու հարեւանությամբ։ «Այնտեղ տեղակայված լինելը, եթե նույնիսկ կրակոցի մեկ նշույլ չի արձակվում, Եվրոպական դատարանի նորմերով կյանքի իրավունքի խախտում է»,-նշեց օմբուդսմենը։




























