Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ 2021 թվականին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խիստ ակտիվացել են։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Ղեւոնդյանը։
Փոխնախարարի խոսքով, հաջորդ տարի բարձր մակարդակի այցելությունների հաճախականության աճ է սպասվում:
«2022 թվականին լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ` հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրման 25-ամյակը։ Այս կապակցությամբ ռուս գործընկերների հետ հոբելյանական միջոցառումների ցանկ է համաձայնեցվում, որը բարձր մակարդակի երկկողմ այցեր, միջկառավարական հանձնաժողովների հոբելյանական նիստերի գումարում, հայ-ռուսական հարաբերություններին նվիրված կոնֆերանսների անցկացում է ներառում եւ այլն:
2021 թվականին, չնայած համավարակի հետեւանքով պայմանավորված սահմանափակումներին, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ակտիվացան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ընդգծեց դիվանագետը։
Այդպես, կայացել է Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի 4 հանդիպում, մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, 5 հանդիպում արտգործնախարարների մակարդակով, մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց երկու երկրների նախարարների միջեւ։
«2022 թվականին բարձր մակարդակի այցելությունների հաճախականության աճ է ակնկալվում, այդ թվում՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:


























