Ազգային ժողովի նախագահ հովիկ Աբրահամյանը մտադիր է խորհրդարանական լսումներ կազմակերպվել` նվիրված արտագաղթի խնդիրներին:
Այսօր` հուլիսի 7-ին իր Գյումրի այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է երկրում ծայր առած սոցիալ-տնտեսական խնդիրներին:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում ԱԺ-ն ձեռնարկել արտագաղթը կանխելու, կամ ծավալները նվազեցնելու համար, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Մտավորականները վերջերս գրավոր դժգոհություն հայտնեցին այս կապակցությամբ: Մենք մտադիր ենք կազմակերպելու լսումներ ԱԺ-ում, պատրաստ ենք մեր հնարավությունները ներդնելու, կառավարության հետ միասին լուծելու այդ ցավոտ խնդիրը»:
Հովիկ Աբրահամյանն ասել է ինքը չի կարծում, թե հնարավոր է այդ հարցը միանգամից լուծել, բայց, ըստ նրա, հնարավոր է մեղմել իրավիճակը. «Պատճառը սոցիալականն է, պետք է սոցիալական լարվածությունը մեղմել, աշխատատեղեր ստեղծել»,-ընդգծել է ԱԺ ղեկավարը:




























