Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության մի քանի հարյուր կողմնակիցներ բողոքի ցույց են անցկացնում Թբիլիսիում, արդարադատության շենքի մոտ, տեղեկացնում է «Sputnik Грузия»-ի թղթակիցը իրադարձությունների վայրից։
Ցուցարարների գլխավոր պահանջն է՝ ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, նրան տեղափոխել քաղաքացիական կլինիկա, ինչպես նաեւ նշանակել արտահերթ ընտրություններ։
Ցուցարարները, այդ թվում ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան, արդարադատության նախարարության շենքի մոտից տեղափոխվել են դեպի կառավարության աշխատակազմի շենք, որտեղ անցկացրել են ողջ գիշերը։
«Ամեն օր ցույցերը տեղի կունենան տարբեր տեղերում, տարբեր նախարարությունների մոտ։ Շարժում, շարժում այնքան ժամանակ, մինչեւ որ չապահովվի Միխայիլ Սաակաշվիլու անվտանգությունը»,- ասել է ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան։
Ընդդիմության առաջնորդները պահանջում են նաեւ հանդիպում արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեի հետ, որպեսզի անձամբ նրանից լսեն բացատրություններ Սաակաշվիլուն բանտի հիվանդանոց տանելու առնչությամբ։
Նախարարության մուտքի մոտ ոստիկանության հավելյալ ուժեր են բերվել։
Նախօրեի երեկոյան Սաակաշվիլուն տեղափոխել էին Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկի Ռուսթավիի թիվ 12 բանտի հիվանդանոց, որը Թբիլիսիի ծայրամասում է։ Արդարադատության նախարարը դա բացատրել է նախկին նախագահի առողջության մասին մտահոգությամբ, որը 40 օր առաջ հացադուլ է հայտարարել։
Ընդդիմությունը, որը պնդում է, որ Սաակաշվիլուն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, նրան բանտի հիվանդանոց տանելը համարում է անօրինական եւ ծրագրում է ամեն օր բողոքի ցույցեր անցկացնել։
Նախօրեին ցուցարարների մի մասը ամբողջ գիշեր մնացել էր Թբիլիսիի կետրոնում, Ազատության հրապարակում, մյուսները շարժվել էին դեպի կառավարական աշխատակազմի շենք։ Շուտով իրավիճակը սրվեց։ Ոստիկանությունը թույլ չտվեց խորհրդարանի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլուն մակագրություն անել, ՄԱՇ ակտիվիստները սկսեցին համոզել ոստիկաններին, որ հետ քաշվեն։ Սկսվեց բանակռիվ, ինչից հետո ոստիկանությունն սկսեց հետ մղել ցուցարարներին շենքի մոտից։ Առավոտվանից բողոքի շարժման մասնակիցները հավաքվել են նոր տեղանքում՝ արդարադատության շենքի մոտ։




























