Պետք է հասկանալ, որ հայ եւ ուկրաինացի ժողովուրդները եղբայրական են, եւ դա չի կարելի հերքել։ Այս մասին Երեւանում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը։
Նրա խոսքով՝ հիմնական շեշտը պետք է դրվի երկու ժողովուրդների բարեկամության վրա։ «Այսօր շատ բան պետք է արվի այդ բարեկամությունն ամրապնդելու համար։ Շատ բան է անում Ուկրաինայի հայերի միության նախագահը: Ընդհանրապես, Ուկրաինայի հայերի միությունը շատ բան է անում թե՛ Ուկրաինայի, թե՛ Ուկրաինայի եւ Հայաստանի բարեկամության համար։ Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին եւ քաղաքական երկխոսությանը, ապա այն կա։ Առնվազն` ի դեմս ինձ։ Ես պատգամավոր եմ, ում օգտին մարդիկ քվեարկել են: Եվ ես ունեմ բոլոր իրավունքները` ներկայացնելու իմ երկրի որոշակի քաղաքական տրամադրությունները։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլեւ իմ խորհրդարանի մյուս պատգամավորներին»,- ասաց Դմիտրուկը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ու Ուկրաինան պետք է բարեկամություն անեն եւ համագործակցեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի։
«Մենք պետք է աջակցենք միմյանց, որպեսզի միշտ հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին օգնության ձեռք մեկնելու հնարավորություն լինի»,- նշել է ուկրաինացի պատգամավորը։





























