Մանդատները վայր դնելը պարտադիր հետևանքներ, ցավոք, չի առաջացնում, Սահմանադրությունը նման կարգավորում չի նախատեսում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելուց հետո իրավաքաղաքական հնարավոր զարգացումներին:
Նա մանրամասնեց, որ դրանից հետո խորհրդարանը չի ցրվի, քանի որ այդպիսի պարտադիր դրույթ Սահմանադրությամբ չկա․ Սահմանադրության հեղինակները ժամանակին, նրա խոսքով, «խելագարության կանխավարկածով» չեն առաջնորդվել ու չեն կանխագուշակել այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր Հայաստանում։
«Մանդատները վայր դնելը ենթադրում է ճգնաժամ, իսկ ճգնաժամն այս «շատ հայրենասեր» իշխանություններն ինչպե՞ս կհաղթահարեն՝ արտահերթ ընտրություններով», - նշեց Վարդևանյանը՝ շեշտելով, որ այս դեպքում էլ իշխանությունները կկիրառեն նույն գործիքակազմն ու խախտումները, որոնք հունիսի 20-ին եղան։
Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ապա այստեղ էլ, Վարդևանյանի խոսքով, սահմանադրությամբ պայմանավորված իրավական խոչընդոտներ կան. «Սահմանադրությունը նախատեսել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին կարելի է անվստահություն հայտնել պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց», - նշեց նա:
Այս պարագայում, պատգամավորի խոսքով, ընդդիմությունն իր ամենօրյա պայքարը պետք է ավելի արդյունավետ դարձնի, գործողություններում լինի ավելի կտրուկ։
«Բոլորս պետք է դառնանք այն շարժման անդամ, որը կոչվում է դիմադրություն, բոլորս պետք է դիմադրենք այս ապօրինություններին և վեր կենանք այս վիճակից։ Մենք չենք կարող այսպես մնալ։ Իմ ու գործընկերներիս անունից ասում եմ, որ պետք է լինենք շատ ավելի արդյունավետ։ Պատասխանատվությունն այդ առումով մեզ վրա ավելի մեծ է», - ասաց Արամ Վարդևանյանը։











