Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության Հայկ Մամիջանյանը, դիմելով վարչապետին, հետաքրքրվեց՝ նրա՞ հրահանքով են իշխող խմբակցության անդամները, պատգամավորի ձեւակերպմամբ, «հակառուսական հիստերիա» զեղել նախօրեին ԱԺ-ում իրենց ունեցած ելույթներում: Մամիջանյանը նաեւ իշխող խմբակցության անդամներին ելույթները ցիտեց. «Անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձիկ են, թե ծակած փուչիկ, անհրաժեշտության դեպքում՝ նոր դաշնակից կգտնենք, ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը»:
«Սա ձեր հրահա՞նգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը, թեև բոլորս գիտենք, որ ձեր խմբակցության մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով», - հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:
Վարչապետն էլ արձագանքեց, որ եթե նույնիսկ հակառուսական հիստերիա կա, ապա դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ՝ նկատելով՝ ամբիոնից հնչած մտքերը սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն։
«Մենք ասել ենք, որ հայ-ռուսկան ռազմավարական գործընկերությունը առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ–ը այն անվանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք և հույս ունենք, որ ՀԱՊԿ-ի՝ նման իրավիճակում նախատեսված մեխանիզմները գործարկվեն: Նախկինում դրանք գործարկելու առիթ չի եղել, և առաջին անգամ է, որ նման իրավիճակ է ստեղծվել»,- նշեց Փաշինյանը:
«Քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց սենց է լինում, ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ էդտեղ է անցնելու»,- հակադարձեց Մամիջանյանը, որին էլ վարչապետը արձագանքեց հետեւայլ կերպ. «Ես ձեզ համար վատ լուր ունեմ, ես ՀՀ 4 քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամենևին վատ չեմ զգացել»:
Փաշինյանի ու Մամիջանյանի այս բանավեճից հետո դահլիճում վիրավորանքներ հնչեցին, «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հեռացավ դահլիճից։
«Մարդիկ կան, որոնց շատ հեշտ է ՔԿՀ-ներով վախեցնել, տեսաք՝ քրեակատարողական հիմնարկի անուն տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան։ Որևէ բառ օգտագործելուց առաջ մտածեք, թե որ էդ բառակապակցությունը ձեզ նայելով ասեն, ձեզ հետ ինչ է կատարվելու, տեսանք՝ ինչ է կատարվում»,- ի պատասխան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:











