Հայաստանի կառավարությունն օգտագործում է «Էյվազլի» եւ «Չայզամի» անվանումները, որպեսզի ոչ ոք հայկական կողմին կողմնակալության մեջ մեղադրելու պատճառ չունենա։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական սահմանը վերջնականապես որոշված չէ, երկրի իշխանությունները կառաջնորդվեն խորհրդային քարտեզներով, ըստ որոնց՝ ճանապարհի նշված հատվածները Հայկական ԽՍՀ-ի տարածքում չեն։

«Ինչ-որ բան պետք է հիմք ընդունել, հակառակ դեպքում հայկական կողմին կարող են հարց տալ, թե ինչ պատճառով է, վերջին զինված ագրեսիան հետ մղելով, հայկական կողմը հայտարարել իր տարածքի պաշտպանության մասին։ Հիմա, եթե մեզ հարցնեն՝ «Ինչո՞ւ որոշեցիք, որ սա ձեր տարածքն է», մենք կկարողանանք պատասխանել. «Նույն պատճառով ինչու որոշեցինք, որ Էյվազլին եւ Չայզամին մերը չեն»,- պարզաբանեց Փաշինյանը։