Թալիբները ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել թուլացնել պատժամիջոցները եւ ապասառեցնել Աֆղանստանի ակտիվները, քանի որ երկիրը բախվում է տնտեսական ցնցումների հետ, հայտնում է Associated Press-ը:
Արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին հայտարարել է, որ սառեցված ակտիվները վնաս են հասցնում բնակչությանը՝ սկսած առողջապահության ոլորտից մինչեւ կրթություն եւ այլ ծառայություններ: Նրա մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց այն բանից, երբ Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ աղքատության մեջ են:
«Ամերիկյան պատժամիջոցները վնաս են հասցրել ոչ միայն առեւտրին եւ բիզնեսին, այլեւ հումանիտար օգնությանը»,- ԱՄՆ օրենսդիրներին ուղղված բաց նամակում ասել է նա։
Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ Աֆղանստանում 8,7 միլիոն մարդ գտնվում է «սովի պայմաններում», իսկ եւս 14,1 միլիոնը տառապում է սննդի խիստ անբավարարությունից: Համաձայն ՊՀԾ-ի զեկույցի՝ երկրում 600 000 տեղահանվածներն ու երաշտը խորացնում են աղքատությունը:





























