Սահմանին իրադրությունը Ադրբեջանի վերջին սադրանքներից հետո ներկա պահին կայուն է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ, նոյեմբերի 19-ին ասաց խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Այնուամենայնիվ, ինչպես կարծում է քաղաքական գործիչը, դա թուլանալու առիթ չպետք է հանդիսանա։
«Սա չի նշանակում, թե մենք պետք է կորցնենք զգոնությունը։ Անհրաժեշտ է միավորել երկրի բոլոր ուժերը, որպեսզի հակառակորդն իր գործողություններով չկարողանա ստեղծել ներքին լարվածություն։ Մեր խնդիրն է լինել Զինված ուժերի կողքին, բայց ոչ թե խոսքով, այլ գործողություններով»,- պարզաբանեց Քոչարյանը։





























