ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հնչեցնելով ՌԴ ՊՆ-ի՝ սահմանների սահմանազատման գործընթացի նախապատրաստման սկզբի մասին առաջարկը, տպավորություն է ստեղծում, որ հայ-ռուսական հարաբերությունների հարմոնիզացիա է ընթանում։ Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը վստահ է, որ իրականում խնդիրը լուծված չէ, եւ որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը մնում են բարձր։ «Ամեն դեպքում մինչ այն պահը, քանի դեռ ադրբեջանցի զինծառայողները շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում»,-նշեց Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն նման կերպ իրենց դրսեւորել, ապա 2-3 տարի անց Ադրբեջանին ընդհանրապես չի պահանջվի ո՛չ սահմանազատում, ո՛չ սահմանագծում, քանի որ ամեն անգամ ուժի կիրառման միջոցով կստանան իրենց ուզածը։











