Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը հայտարարել է Ադրբեջանում իրականացվող նախագծերին ամերիկյան երեք ընկերությունների մասնակցության մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների վարկածում դեսպանին բառացիորեն վերագրվել է «ազատագրված տարածքներում» նախագծերին ամերիկյան ընկերությունների մասնակցության մասին հայտարարություն։ Արդյոք ադրբեջանական լրատվամիջոցնե՞րն են նման ոչ դիվանագիտական արտահայտություն վերագրել ամերիկացի դեսպանին, թե՞ նա իսկապես իրեն թույլ է տվել խոսել «ազատագրված տարածքների մասին», մնում է անհասկանալի։ Սակայն, այնուհետեւ Լիցենբերգերը, իբր, նշել է, որ «մեծ հնարավորություններ կան Ղարաբաղում նախագծերի իրականացմանը ամերիկյան ընկերությունների մասնակցության համար», քանի որ «ամերիկյան ընկերություններն ունեն լավագույն տեխնոլոգիաներն ու լուծումները։ Նրանք կարող են ամենաժամանակակից տեխնոլոգիաներ եւ լավագույն փորձ տրամադրել»:
Ստացվում է, որ դիվանագետը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչը ադրբեջանական մամուլի հետ քննարկում է նախագծեր Ղարաբաղում, որի կարգավիճակը պետք է որոշվի բանակցային գործընթացում։





























