Իրանին եւ Թուրքիային կապում են պատմական դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Թեհրանում թուրք գործընկերոջ`Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում:

Սալեհին, շնորհավորելով Դավութօղլուին` ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարած հաղթանակի առթիվ, ընդգծել է, թե նրա այցն Իրան լավ առիթ է երկու երկրների հետագա համագործակցության համար: «Մենք քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները, նաեւ իրավիճակը Սիրիայում: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ազդում է ողջ աշխարհի վրա»,- ասել է իրանցի նախարարը:

Սալեհին նկատել է, որ ներկայումս Իրանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 14 միլիարդ դոլար, եւ հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին դա կհասնի 30 միլիարդի:

Դավութօղլուի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր ու վերջին քաղաքական զարգացումները Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: «Մենք հուսով ենք, որ այդ երկրների կառավարությունները կճանաչեն ժողովուրդների առաջ քաշած պահանջները: Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար հարկավոր է հաշվի առնել Իրանի դիրքորոշումը, որպես տարածաշրջանի խոշորագույն պետության»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: