Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Վոլգա գետում «Բուլգարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երկտախտակամած «Բուլգարիա» շոգենավը, որ կառուցվել է 1955թ. Չեխոսլովակիայում, խորտակվել է կիրակի օրը, ափից 3 կմ հեռավորության վրա: Նավը Բոլգար քաղաքից ուղեւորվում էր դեպի Կազան: Նավի վրա 208 մարդ է եղել, (այդ թվում` 148 զբոսաշրջիկ, անձնակազմի 35 անդամ, 25 չգրանցված մարդ):

Ջրից հանել են 55 դիակ (13 տղամարդ, 37 կին, 5 երեխա, նրանց ինքնությունը պարզվում է):

Փրկվել է ընդամենը 79 մարդ, մյուսների ճակատագիրն անհայտ է: Աղետի հանգամանքները պարզվում են:

«Վզգլյադի» փոխանցմամբ, գլխավոր դատախազությունում հայտնել են, որ Թաթարստանում վթարված շոգենավը վերանորոգվել է 30 տարի առաջ, եղել է վթարային վիճակում, եւ ուղեւորափոխադրումների արտոնագիր չի ունեցել:

Մեդվեդեւը հուլիսի 12-ը սգո օր է հայտարարել, նաեւ հանձնարարել է համընդհանուր ստուգման ենթարկել տրանսպորտային բոլոր միջոցները Ռուսաստանում: