Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Մինչ այդ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց իր միջնորդությունը. «ՍԴ որոշման ուժով ակնհայտ է, որ պարոն Չարչյանը հանդիսանալով ԱԺ պատգամավոր չի կարող շարունակապես գտնվել անազատության մեջ մինչեւ ԱԺ համապատասխան համաձայնություն ստանալու: Ուստի խնդրում ձեզ, հարգելի դատարան անհապաղ հեռանալ խորհրդակցական սենյակ եւ կայացնել որոշում պարոն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին»:
Դատախազը, որը չէր ներկայացել,գրավոր դիրքորոշում էր հայտնել, նշելով, որ պետք է վերացնել կալանքը:
Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին։
Դատարանի շենքի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշեց, որ հիմա պատգամավորներով գնում են «Վարդաշեն» ՔԿՀ՝ դիմավորելու համար Արմեն Չարչյանին:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:











