Հայաստանում հարցվածների 39 տոկոսը չի վստահում տեղական հեռուստաալիքներին: Այդ մասին ասվում է «Հանրային կարծիքը հայկական լրատվամիջոցների մասին 2011 թվականին» հետազոտության մեջ, որն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի,

«Internews»-ի, Կովկասյան հետազոտական կենտրոնի կողմից, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:

Տեղական հեռուստաալիքների տրամադրած տեղեկությանը վստահում է հարցվածների միայն 10 տոկոսը: Տեղական ալիքների նկատմամբ համեմատական վստահության մակարդակը կազմում է 42 տոկոս, իսկ մասնակի եւ լիակատար անվստահությունը կազմում է 25 եւ 14 տոկոս համապատասխանաբար:

Ազգային ալիքներին վստահում են 8 տոկոսը, 33 տոկոսը որոշակի կամ լիակատար անվստահություն ունի ազգային ալիքների նկատմամբ:

Հատկանշական է, որ տեղական, նաեւ ազգային թերթերին, ազգային եւ տեղական ռադիոյին ավելի քիչ են վստահում` ընդամենը 5 տոկոս: Առցանց հրապարակումներին վստահում են հարցվածների 7 տոկոսը:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է 1400 տնային տնտեսություններում Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում` սկսած 2010 թվականի նոյեմբերից: