Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 12-ին ընդունել է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ղեկավար Բոուդվին Վերխելստին եւ գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու «Էգմոնտ» խմբի 19-րդ լիագումար նիստին:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:  Հանրապետության ղեկավարը ողջունել է նիստի անցկացումը Երեւանում` բարձր գնահատելով այդ կառույցի աշխատանքը` ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ երեւույթները սահմաններ չեն ճանաչում, հետեւաբար դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր: Նախագահը նիստին արդյունավետ աշխատանք է մաղթել:

Լիագումար նիստին մասնակցում է անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների եւ մի շարք միջազգային կառույցների շուրջ 290 ներկայացուցիչ: