Մեր պահանջները գազի լիցքավորման հարցերն են, աշխատավարձի բարձրացումը, մարդկային պայմանները եւ վարորդին հարգելը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ջվեժի ավտոպարկում հայտարարեց գործադուլ հայտարարած ավտոբուսի վարորդներից մեկը:

Նրա խոսքով, 14 օր աշխատելու համար 260 հազար դրամով ընտանիք չի կարող պահել. «Մինչեւ հիմա 22 օրվա համար ստանում եմ 120 հազար դրամ աշխատավարձ, բացի դրանից էլ օրական  7-8 հազար դրամ դնում եմ ջեբս, գնում տուն: Ասենք, հասույթը տված է 40 հազար դրամ:

Էնպես չի, որ ոնց որ ժողովուրդն է ասում՝ 100 դրամանոց կիլերները հելան: Շոֆեռը կիլեր չի: Մեզ թող նորմալ աշխատավարձ տան, նորմալ սպասարկենք: նորմալը 350 հազար դրամն ա: Մինչեւ հիմա իմ ընտանիքի բյուջեն 350 հազար դրամ ա մտել, հիմա իջել է 260 հազար դրամ: 350 հազար դրամն էլ էր քիչ: Նորմալ պետք է փող տան, շոֆեռը, որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»,-ասաց վարորդներից մեկը:

Վարորդները պահանջում էին նաև տարրական հիգիենայի պայմանների ապահովում, մասնավորապես՝ զուգարաններ համապատասխան վերջնակետերում, նաեւ մեքենաների կասկո են պահանջում, նաեւ բժշկական ապահովագրություն: