Այդ անձնավորությունը որեւէ կերպ չի եղել փախուստի մեջ, ինչում է խնդիրը, որ ոստիկանությունը պետք է 3-4 մեքենաներով անհամաչափ ուժ գործադրելով, սպասեր իրենց տան բակում եւ բերման ենթարկեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկտրչյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի բերման ենթարկելուն:

«Սա հերթական շոուն է, Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումներով իշխանությունը պահելու հերթական վառ ապացույցն է: Նիկոլահպատակ ոստիկանները հասկանում են՝ ինչ են անում, բայց ցավում եմ, որ իրենց մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը նահանջում է այն ուղղահայաց հրամայականին, որն ստանում են գործադիր իշխանությունից»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան իր տան բակից բերման է ենթարկվել  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով ավելի ուշ ձերբակալվել է: «Նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր հանցագործության համար»,-իր էջում գրել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։