Նոր գաղափարների եւ մոտեցումների միջոցով պետք է որակապես փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրակցության ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ անցած ժամանակահատվածում դատաիրավական համակարգի զարգացման ուղղությամբ կատարվել է որոշակի դրական աշխատանք, եւ արդյունքներն արդեն այսօր շոշափելի են, սակայն միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի չեն այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների:
«Այսօր արդեն կարելի է փաստել, որ հասարակական իրավագիտակցության եւ իրավաընկալման մեջ նկատվում են լուրջ փոփոխություններ. մարդիկ ավելի հաճախ են դիմում փաստաբանների օգնությանը, աճում է իրենց իրավունքների պաշտպանության համար դատարաններ դիմող անձանց, բնականաբար եւ` դատական գործերի քանակը: Սակայն արդյո՞ք միայն դատական գործերի քանակի աճը դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացման չափանիշ է: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք պետք է տանք բացասական պատասխան եւ ասենք, որ այստեղ մտածելու տեղ կա:
Այս համատեքստում եւս մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական եւ չլուծված: Նման պատճառներից են անկատար այն գործընթացները, որոնք պետք է դատարաններում ապահովեն գործերի արագ եւ արդյունավետ քննությունը: Համաձայնեք, որ երկարատեւ եւ շարունակ հետաձգվող դատավարությունները, դատական գործերի ամիսներ, նույնիսկ տարիներ տեւող քննությունները ստվեր են գցում կայացված դատական ակտերի օրինականության եւ արդարացիության վրա»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցությանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցել է 2009-2011 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաեւ 2012-2014 թվականների դատաիրավական համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մասին:
ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է դատական գործերի քննության արագության եւ արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ զեկույցը:
Զեկուցված հարցերի բովանդակության եւ իրականացման ժամկետների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:




























