Դեռեւս 2019 թվականի տարեսկզբից մենք ունեցել ենք բազմաթիվ հարցեր, որոնցում մեր մոտեցումները Հայկ Մարությանի հետ եղել են տարբեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը։
«Բայց, ի վերջո, մենք մի թիմ ենք եղել եւ պարտավոր ենք եղել ինչ-որ ընդհանուր որոշումների գալ փոխզիջման տարբերակով։ Քաղաքական գործոնի մասին մենք իմացել ենք տարեվերջին, բայց գործառույթը գրեթե մեկ տարի հետո է եղել, այսինքն՝ մենք նաեւ կառավարման տեսանկյունից ենք ունեցել տարբեր մոտեցումներ եւ երբ հասկացանք, որ այլեւս համագործակցության եզրեր չունենք, եկանք այս լուծմանը։ Մենք մեր գործառույթների շրջանակում ենք իրականացնում այս պրոցեսը, նախկին մեր աշխատանքային պրոցեսները նույնպես բխել են այդ լիազորությունից։ Այս ամենն արվում է ի շահ մեր երանցիների, որովհետեւ մենք դեռ երկու տարի ունենք աշխատելու եւ պետք է աշխատենք ի շահ մեր երեւանցիների»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասվել է առկա տարակարծությունների մասին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ եղել են մի քանի բովանդակային քննարկումներ։
«Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ եղել է քաղաքապետարանում՝ մինչեւ 2020 թվականը։ Եղել են աշխատանքային, թիմային հանդիպումներ, մտքերի փոխանակում, այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ Հայկ Մարությանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից այս գործընթացին որեւէ միջամտություն չկա։ Այն հանդիպմանը, որը տեղի ունեցավ, մենք ենք գնացել, որովհետեւ գործընթացը ներսից է հասունացել։ Այդ հանդիպմանը ներկայացրել ենք իրավիճակը եւ մեր տեսանկյունից հանգուցալուծումը»,- ընդգծեց Լեւոն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը համաձայն չէ այն տեսակետին, որ Մարությանին անվստահություն հայտնելով խախտվում է երեւանցիների ընտրելու իրավունքը։
«Երեւանի քաղաքացիներն ընտրել են Երեւանի ավագանին եւ պարոն Մարությանը եղել է մեր դաշինքի ցուցակում»,- նշեց նա։











