Ես չեմ սիրում «սևերի» ու «սպիտակների» թեզը, բայց պետք է դրա վրա կառուցեմ խոսքս. «Սևերի» ու «սպիտակների» ճակատամարտը, որ սկսվեց, ինքը չկար, բայց ինքն այդ թեզը դրեց։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ խոսելով Մարությանի մասին։

Նա հայտարարեց, որ Հայկ Մարությանի կինը շատ հաճախ միջամտել է քաղաքապետարանի աշխատանքին:

«Այս ճանապարհով քաղաքապետ փոխելը եւ օրինական է, եւ ժողովրդավարական: Պարբերաբար խոսել ենք քաղաքապետարանում չարաշահումների, վատ կառավարման մասին: Մեր գործընկերներից մեկին դանակահարեցին, փորձում էին սպանել, որովհետեւ էդ մարդը բարձրաձայնում էր էդ խնդիրների մասին, եւ քաղաքապետարանը երեք տարի որեւէ բան չէր արել այդ խնդիրը լուծելու համար: Էդ մարդը ստիպված ինքը բերեց նախագիծը եւ մահափորձի արժանացավ: Օգոստոսին է դա եղել, մինչեւ էսօր որեւէ պաշտոնյա պատժվե՞լ է այդ արածի համար: Ոչ ոք աշխատանքից չի հեռացվել անգործության համար, շահերի բախմամբ պայմանագրեր կնքելու համար, իր կուսակցին տարածք տրամադրելու համար: Այսինքն կամք չի եղել բարեփոխումներ անելու համար: Եղել է PR-ի համար ինչ-որ բաներ եւ իմիտացիա»,-ընդգծեց Գալջյանը: