Ադրբեջանը ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհվածների աճյունների նույնականացման հարցով դիմել է Բոսնիա եւ Հերցեգովինային։ Այս մասին Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարար Բիսերա Տուրկովիչի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բոսնիացի մասնագետները պատրաստ են օգնել Ադրբեջանին այդ գործում»,- ասել է նա։
Ըստ Բայրամովի՝ խոսքը եղբայրական գերեզմանների մասին է, որոնք իբր հայտնաբերվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մոտ 4000 մարդ է անհետ կորել։ Հայկական կողմի տվյալներով՝ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհետ կորել է մոտ 1000 մարդ։





























