Արցախյան գինիների արտահանումը նվազել է մոտ 30-50%-ով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ «Պատերազմի եւ Արցախի տարածքների օկուպացիայի հետեւանքով մենք ամբողջությամբ կորցրեցինք երեք արտադրողի, որոնցից երկուսը լավ ծավալ էին ապահովում։ Երրորդը շուկայում նորեկ էր, բայց լուրջ ներդրումներ իրականացրեց»,-նշեց նա։
Ձեռնարկությունների 25-30%-ը կորցրել ենք կամ գնդակոծության կամ թշնամու կողմից այգիների գրավման հետեւանքով։ Մոտ 400 հա պտղատու այգիներ ենք կորցրել Հադրութում, եւս 500 հա այգիներ՝ այլ վայրերում։
«Տարվա ընթացքում արտադրողները բախվել են Արցախից գինիների ծագումը գրանցելու խնդրին։ Կամ չեն գրանցել կամ գրանցել են մեծ դժվարությամբ։ Սա ստիպել է արտադրողներին կամ գրանցել երկրորդ ձեռնարկությունն արդեն Հայաստանում, կամ փաստացի բացել երկրորդ գործարանը, որպեսզի ապրանքն արտահանվի։ «Կատարոն», օրինակ, Հայաստանում իրական գործարան հիմնեց եւ սկսեց արտադրանքն արտահանել այստեղից»,-հայտնեց Հարությունյանը։




























