Վանաձոր համայնքն այս պահին ունի իրավական կազուսային խնդիրներ, քանի որ այս պահին կասեցված է նաեւ համայնքաի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը:
«Այս պահին համայնքի ղեկավար էլ չունենք, պաշտոնակատար էլ չունենք եւ տարավերջյան բյուջետային գործընթացի հետ կապված, համայնքի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունեցող մարդկանց լիազորությունների հետ կապված, համայնքի՝ այլ սուբյեկտներին ունեցած պարտավորությունների հետ կապված առաջանում է վակուում եւ դա լուծելու համար պետք է շատ հրատապ ընտրվի համայնքի ղեկավար:
Դրա համար ես խնդրում եմ, հորդորում եմ այն պատկան մարմիններին, այն մարդկանց, որոնք ազդեցություն ունեն այս հարցում, թող իրենց գործողությունները բխի Վանաձորի շահերից»,-ասաց նա՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» տակտիկական ջիգեր է գործադրում, որ խաթարի համայնքապետի ընտրության այս գործընթացը:
Անդրադառնալով նրան, որ ավագաննի անցած 5 ուժերից որեւէ մեկը 50 տոկոս չի ստացել, նա ասաց. «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ստացել է ավագանու 33 տեղերից 15 մանդատ, մեր դաշինքը ունի հնարավորություն համագործակցել ավագանի անցած բոլոր 4 ուժերից որի հետ ուզի: Այս պարագայում, քանի որ Մամիկոն Ասլանյանը կալանավայրում է,ւ մենք ունենք ոչ թե 15, այլ 14 մանդատ: Դրանով այդ այլընտրանքի սկզբունքը խաթարվում է: Այսինքն մեր առջեւ պայման է դրվում՝ դուք կամ առնվազն 2 քաղաքական ուժի հետ պետք է համագործակցեք, կամ այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն 5 մանդատ կամ 9 մանդատ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:
Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ), եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:
Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։











