Հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժակ Մուենվիլի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է եւ պատրաստ երկարաժամկետ փոխշահավետ գործակցության: 

Ժակ Մուենվիլը Երեւանի քաղաքապետին է ներկայացրել գործակալության գործունեության ուղղությունները`  նշելով, որ այն հենված է ինչպես ֆինանսավորման, այնպես էլ երկարաժամկետ գործակցության վրա: Զարգացման ֆրանսիական գործակալությունը, որպես պետական կառույց, ծրագրեր է իրականացնում մի շարք երկրների մայրաքաղաքների ու քաղաքների հետ ջրամատակարարման, էներգամատակարարման, հասարակական տրանսպորտի, քաղաքաշինության եւ այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են ֆրանսիական ընկերության կողմից կառավարվող «Երեւանջուր» ընկերության ֆինանսական աջակցության, հասարակական տրանսպորտի զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները` երկուստեք նշելով, որ այդպիսի գործակցության ռեալ հիմքերն առկա են: 

Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում առաջիկայում գործակցության կոնկրետ ծրագիր կառաջարկվի: