Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից Սերժ Սարգսյանը ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է հղել Սարկոզիին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ տոնի կապակցությամբ:
Շնորհավորական խոսքում Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, ինչը պայմանավորված է թե՛ պատմական կապերով, թե՛ մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամությամբ, թե՛ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի վարած հետեւողական եւ սկզբունքային քաղաքականությամբ եւ թե՛, իհարկե, երկու երկրների միջեւ յուրատեսակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ ստվար համայնքի առկայությամբ:
«Վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս ձեռքբերումները` բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսությունը, երկու տասնյակից ավելի իրավական փաստաթղթերի հիման վրա հաստատված մշակութային, գիտակրթական սերտ առնչությունները, մեծաթիվ քաղաքների եւ շրջանների միջեւ հաջողությամբ ընթացող գործընկերությունը, ինչպես նաեւ ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում ամուր հիմք են հանդիսանում համագործակցության շարունակական զարգացման եւ ծավալման համար:
2009 թվականի մայիսի Պրահայի գագաթնաժողովից ի վեր Հայաստանը վճռականորեն առաջ է ընթանում Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը` ի նպաստ Հայաստանի եվրամերձեցման գործընթացի հաջող կենսագործման:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, Ձեր կարեւոր եւ հետեւողական ջանքերի համար, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնախնդրի լուծմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը:
Հայ-ֆրանսիական կանոնավոր շփումների եւ այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ իրականացած եւ մինչեւ տարեվերջ ակնկալվող մի շարք փոխայցերի համատեքստում ցանկանում եմ առանձնացնել Հայաստան նախատեսված Ձեր պետական այցը, որն, անշուշտ, նոր փուլ կազդարարի մեր բարեկամ երկրների միջեւ հարաբերություններում` միանշանակ նպաստելով երկկողմ համագործակցության խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ անսպառ կորով եւ հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ նախագահի ուղերձում:




























