ԵՄ-ն ցանկանում է մասնակցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը թուլացնելու եւ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

«Մենք չենք ուզում եւ չենք կարող մեզ թույլ տալ լինել դրսից հանդիսատես, ում գլխի վրայով կայացվում են որոշումներ»,-ասել է Բորելը գերմանական Die Welt-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ «եթե Մոսկվան ցանկանում է հունվարին սկսել Եվրոպայում անվտանգության ճարտարապետության քննարկումը եւ խոսել անվտանգության երաշխիքների մասին, ապա դրանք այն հանգամանքները չեն, որոնք վերաբերում են միայն Ամերիկային եւ Ռուսաստանին»։ «ԵՄ-ն պետք է ներկա լինի այդ բանակցություններին, նման բանակցությունները իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե դրանք ընթանան սերտ համակարգմամբ եւ ԵՄ-ի մասնակցությամբ»,-ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:  

Մոսկվան կցանկանար ունենալ այնպիսի իրավիճակ, երբ երկու կողմերը «կիսեն ազդեցության ոլորտները»՝ առանց ԵՄ-ի հետ հաշվի նստելու։ «Մենք երբեք չենք համաձայնվի դրա հետ»,-ասել է Բորելը։