Թբիլիսիում ԵՄ երկրների դեսպանները ողջունում են Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով իրավաբանական կարգավիճակ է տրվում կրոնական միավորումներին: Այդ մասին ԵՄ անդամ-երկրների առաքելության անունից հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանում ԵՄ դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը, հաղորդում է apsny.ge-ն:
Հայտարարությունում նշվում է, որ կրոնի ազատությունը` մարդու հիմնարար իրավունքն է եւ եվրոպական կարեւոր արժեք. «Մենք նաեւ ողջունում ենք Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը, որն ապահովում է բոլոր կրոնական հավատքների հավասարությունն օրենքի առաջ, ինչը եւ արտացոլված է Սրբազան Սինոդի որոշման մեջ»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով հուլիսի 5-ին հաստատել էր այդ փոփոխությունները: Միեւնույն ժամանակ նշվում էր, որ կոնկորդատ կարող է ձեւակերպվել միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:
Վրացական խորհրդարանի որոշմամբ, իրավաբանական անձի կարգավիճակ են ստացել Հայ առաքելական եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին, Մահմեդական համայնքը, Հրեական համայնքը եւ Բապտիստական եկեղեցին:
Արդեն հուլիսի 6-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով իրավաբանական կարգավիճակ է տրվում կրոնական միավորումներին:




























