Ամերիկյան դոլարը շարունակվում է արժեզրկվել դրամի նկատմամբ, թեեւ արժեզրկման տեմպն այսօր` հուլիսի 15-ին էապես նվազել է:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 366.71 դրամ` նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 տոկոսով: Սակայն խոսել դոլարի կայունացման մասին դեռեւս վաղ է, քանի որ բանկերի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկը մեծ չէ:

Բորսայում այսօր իրականացվել է 2.3 մլն դոլարի առուվաճառք:

Փոխանակման կետերը կանխիկ դոլարի վաճառքի գինը նախորդ օրվա համեմատ գրեթե չեն փոփոխել`դոլար կարելի է ձեռք բերել 368 կամ 369 դրամով: Փոխարենը բանկերն ավելի հակված են նվազեցնելու կանխիկ դոլարի առքի գինը, որ 16:00-ի դրությամբ հիմնականում չի գերազանցել 365 դրամը:

NEWS.am-ի հարցումները Երեւան քաղաքի մի շարք փոխանակման կետերում ցույց տվեցին, որ դոլարի առաջարկը բնակչության կողմից էապես աճել է: «Միշտ էլ այս սեզոնին դոլարի շատ աշխույժ առեւտուր է ընթանում, բայց այս տարի սպասվածից ավելի լավ է»,- ասաց Կասյան փողոցի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը: