Ժնեւում արդեն յոթ ժամ շարունակվում են անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Քննարկումները սկսվել են մոտավորապես ժամը 9-ին (Մոսկվայի ժամանակով առավոտյան 11-ին) եւ անցկացվում են փակ դռների հետեւում՝ ՄԱԿ-ի ժնեւյան ստորաբաժանմանն առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում: Կողմերն ընդմիջել են միայն կարճատեւ ճաշի համար։
Այս ամբողջ ընթացքում 50-ից ավելի օտարերկրյա եւ ռուս թղթակիցներ ԱՄՆ մշտական ներկայացուցչության դիմաց սպասում են բանակցությունների ավարտին։ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (ԱԳԴ) ներկայացուցիչները մի քանի անգամ տաք սուրճ եւ թեյ են առաջարկել մրսող լրագրողներին։ Նախնական պլանի համաձայն՝ այսօրվա հանդիպումը պետք է ավարտվի Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ի սահմաններում։
Պաշտոնական հանդիպման նախօրեին ՌԴ պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ ԱՄՆ պատվիրակության ղեկավար, պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը նախնական հանդիպում են անցկացրել աշխատանքային ընթրիքի ձեւաչափով, որը Ռյաբկովը «հիասքանչ» է անվանել։




























