Ադրբեջանցի պաշտոնյան խոստացել է հեռացնել հայկական տեղանունները Google maps-ից. Հատկանշական է, որ եթե նախկինում խոսքը Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղի հատվածի քարտեզների մասին էր, ապա այժմ ադրբեջանցի պաշտոնյաների ախորժակները տարածվել են բոլոր քարտեզների վրա։ Համենայն դեպս, ադրբեջանցի պաշտոնյան կոնկրետ տարածքներ չի նշում։
«Google maps-ում ադրբեջանական քաղաքների եւ գյուղերի հայերեն անվանումներն ապագայում կարող են ամբողջությամբ հանվել»,- ասել է Ադրբեջանի տիեզերական գործակալության (Azercosmos) խորհրդի նախագահ Սամեդդին Ասադովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ասադովը նշել է, որ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Google-ի հետ՝ որոնման համակարգի քարտեզների վրա տեղանունների ցուցադրումը փոխելու նպատակով։ «Այդ համագործակցության շրջանակներում մի շարք տեղանուններ արդեն փոխարինվել են ադրբեջաներենով։ Կիբերանվտանգության կենտրոնը եւս սերտ կապի մեջ է Google-ի հետ: Եթե նայեք նրանց քարտեզին, ապա կտեսնեք, որ անվանումներն արդեն ադրբեջաներեն են։ Դա ընկերության հետ մեր համագործակցության արդյունքն է։ Չի բացառվում, որ ապագայում քարտեզի վրա հայերեն անվանումները հեռացվեն։ Դա անելու համար պետք է աշխատել եւ համոզել մյուս կողմին. դա արդեն համագործակցության քաղաքական կողմն է»,- հայտարարել է պաշտոնյան։




























