Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի բնակարաններից մեկում 72-ամյա մոր ու 47-ամյա եղբոր դիերը դուստրն է հայտնաբերել։

Մայրն ու որդին Երեւանի Արտաշիսյան փողոցի բնակարանում երկուսով էին բնակվում։

Տիկին Աիդայի դուստրը հերթական այցելությանն էր եկել մորն ու եղբորը՝ սնունդ բերելու, երբ նրանց մահացած է գտել բնակարանում։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին մահացածների հարեւանները։

«Աղջիկն ամեն անգամ հաց էր բերում իրենց։ Դրանից հետո էլ 20-25 օր ձեն-ձուն չկար, բայց իր դուստրը գալիս էր, դուռը բացում էր, հաց էր տալիս։ 2 առաջ էր եկել ու տեսել էր, որ մահացած են»,- պատմում է հարեւաններից մեկը։

Քննիչի նախնական եզրակացությամբ՝ մայրն ու որդին ցրտահարումից են մահացել։ Դատաբժշկի եզրակացությամբ՝ դիերի վրա բռնության հետքեր չեն եղել։

Հարեւանները պատմում են՝ մայրն ու որդին հոգեկան առողջության խնդիրներ են ունեցել։

Հարեւանների հետ չէին շփվում, մայրն ու որդին իրենք էլ իրար հետ հաշտ հարաբերություններ չունեին.

«Որովհետեւ էնքան են հայհոյում, էլ չէին նայում՝ ով, ոնց, ինչ։ Ոչ ոք իրենց հետ չէր խոսում։ Պակասավոր էին։ Տղեն մոր վրա էր կռիվ, մերը գոռգոռում էր, ինչ բառեր ասես, որ չէին ասում»։

Հարեւանների խոսքով՝ 1959 թվականից ընտանիքն այդտեղ է բնակվել, բայց զրկված է եղել կենցաղային տարրական պայմաններից.

«Տեսաք՝ պատերն ինչ էր։ Սաղ ջուր է, ոչ գազ ունեին, ոչ՝ հոսանք»։

Հարեւանները պատմում են, որ մորն ու որդուն պարբերաբար հոգեկան առողջության կենտրոն էին տեղափոխում, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո կրկին վերադառնում էին իրենց բնակարան։

«Ոչ գազ ունեին, ոչ լույս ունեին, ոչ մի բան էլ չունեին։ Մենակ էին ապրում։ Մի քանի անգամ եկան տարավ։ Մի քանի վախտ էր չկային, ասեցի՝ էս ո՞նց ա չեն բերում, մեկ էլ մեկը մի օր ասաց՝ եկել են, եկել էին, բայց մի շաբաթից ավելի ձայն չկար, ու տենց էլ մահացել են ասացին»,- պատմում է հարեւանը։

Փաստորեն մայրն ու որդին հաշվառված են եղել հոգեբուժարանում, ինչը նշանակում է, որ Սոցիալական ապահովության նախարարությունը տեղյակ է եղել այս ընտանիքի մասին։ ինչպես է ստացվել, որ նրանք մահացել են ցրտից։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ  այս թեմայով բոլոր հարցերին կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում։

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ  տղամարդն ունեցել է սրտի հետ կապված հիվանդություն, այնուամենայնիվ, մահվան պատճառի նախնական վարկածը ցրտահարություն է։

«Քննիչը երբ գնացել է դեպքի վայր, նկատել է, որ տանը հոսանք չի եղել երկար ժամանակ։ Հիմա դատաբժշկի փորձաքննություն է նշանակված»,- ասում է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են տարբեր փորձաքննություններ։