Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Քլինթոն-Գյուլ-Դավութօղլու հանդիպումն անցել է փակ դռների հետեւում։ Հանդիպման հետ կապված մանրամասներ չեն հաղորդվում։ Հանդիպման սկզբում լրագրողներին միայն թույլատրվել է կարճ նկարահանում իրականացնել, որից հետո սկսվել է փակ հանդիպումը։
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ի ուշ երեկոյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Այդ հանդիպումը եւս փակ է անցել եւ տեւել է 45 րոպե։
Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդիրը։




























