Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում հունիսի սկզբից հայտարարված կարանտինը դեռեւս ուժի մեջ է, եւ այն չեղյալ հայտարարելու քննարկումները Գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենան միայն երկուշաբթի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։

«Չի բացառվում, որ հենց քննարկման վերջում որոշենք հանել կարանտինը»,- ասաց նա՝ հավելելով, որ համայնքում անասունների առողջական վիճակը վերահսկելի է եւ դաբաղի դեպքեր չեն հայտնաբերվել։

NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Պիպոյանն ասել էր, որ չնայած լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Ճամբարակում անասունների մոտ դաբաղի դեպքեր չկան, ինչպես նաեւ չկան ողջ հանրապետության տարածքում, կարանտին հայտարարվել է կանխարգելիչ նկատառումներից ելնելով, քանի որ խոսքն Ադրբեջանին սահմանակից բնակավայրի մասին է (իսկ Ադրբեջանում անասունների դաբաղի դեպքեր կան, դրանք հայտնաբերվել էին ավելի վաղ)։