Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին Հայաստանի ոստիկանապետ նշանակելու հարց չի քննարկվել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց մարզպետի օգնական Սահակ Հակոբյանը` մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, թե Գիզիրյանը` հնարավոր է զբաղեցնի ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնը` վերջինիս առաջիկա պաշտոնանկությունից հետո: «Երեւի այդ տեղեկությունը ինտերնետից ենք կարդացել: Չէ, տենց բան ոչ եղել է, ոչ էլ կա: Պարոն Գիզիրյանն իր աշխատանքին է, նոր պաշտոնում նշանակելու մասին որեւէ հարց չի քննարկվում, եթե նման հարց քննարկվեր, ես անպայման կիմանայի»,- հավաստիացրեց Շիրակի մարզպետի բջջային հեռախոսին պատասխանած Հակոբյանը: Ի դեպ, մեր զանգի պահին Գիզիրյանը, նրա խորհրդականի հավաստմամբ, զբաղված էր Շիրակի մարզ այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանին ընդունելով:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, չի բացառվում, որ մինչեւ սեպտեմբեր ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը հարժարականի դիմում ներկայացնի: Որպես նոր ոստիկանապետի հավանական թեկնածուներ քննարկվում են մի քանի անուններ` Արտակարգ իրավիճակների նախարար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյան, պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյան, ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյան եւ քրեակատարողական վարչության նախկին պետ, այժմ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան:




























