Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը՝ նվիրված շուշեցի հայտնի քանդակագործի  հիշատակին։

Սիմպոզիումը Լեռնային Ղարաբաղում կտեւի հուլիսի 15-ից 29-ը։ Սիմպոզիումի 15 մասնակիցները մեկական քանդակ կկերտեն։ «Տարեկան 15 քանդակ, եւ 10 տարի անց Շուշին կզարդարեն արվեստի 150 գործեր՝ քաղաքը վերածելով բաց երկնքի տակ թանգարանի»,- ասել է Ֆլորենցիայում բնակվող հայ հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Սիմպոզիումի ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, վարպետաց դասեր, կցուցադրվեն ֆիլմեր։ Սիմպոզիումի պատվավոր հյուրը կլինի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Ջերարդո Լո Ռուսսոն։ Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն երեք լեզուներով հրատարակված կատալոգում։

Միջոցառումն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ԼՂՀ  մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եւ Շուշիի քաղաքապետարանի հովանու ներքո։