Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագան այն կարեւոր հարցերից մեկն է, որը Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անհաջողության հիմնական պատճառն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Նրա խոսքով` այս հարցն առավել ցավոտ է ադրբեջանական կողմի համար: «Ադրբեջանում հասարակական այնպիսի կարծիք է ձեւավորվել, թե այդ կարգավիճակը պետք է որոշվի Բաքվում: Կազանյան հանդիպման նախապատրաստական գործընթացում եւ դրանից հետո մթնոլորտը ցույց տվեց, որ Ադրբեջանի այդ դիրորոշումն «այնքան էլ» ճիշտ չէ եւ չի համապատասխանում նրան, ինչ իրականում դրված է բանակցային սեղանին»,- նշեց փորձագետը:
Արեշեւի կարծիքով` այդ անհապատասխանությունները լիովին բացատրում են այն դիվանագիտական մանեւրները, որոնց հաճախ դիմում են Ադրբեջանի առաջին դեմքերը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի փափուկ դիրքորոշում է արտահայտում, քանի որ միջազգային հանրությունն ու համանախագահները սպասում են իրենց ջանքերի ինչ-ինչ արդյունքների, իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս փոքր-ինչ այլ ոգով, ինչը, սկզբունքնորեն, չի հակասում նրա նախկին ասածներին»,- ընդգծեց քաղաքագետը` ավելացնելով, որ ցանկացած դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման առումով այսօր սեղանին որոշակի հենք կա, եւ ապագայում սկզբունքորեն ոչինչ չի փոխվի:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ համանախագահների ընթացիկ առաջարկությունները` Արեշեւն ուշադրություն հրավիրեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում արված հայտարարության վրա: «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնվել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է «status quo plus», այսինքն այն ամենն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում»,-ասել էր Է. Նալբանդյանը:




























