Քաղաքագիտական սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ռուս փորձագետ Վյաչեսլավ Սմիրնովը չի բացառում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես գան ԼՂ հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկի օգտին:
«Եթե խոսենք այն մասին, թե ինչ են այս պահին միջնորդներն առաջարկում հակամարտության կողմերին, ապա հնարավոր է խոսք գնա հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման մասին, որը կազմված կլինի կամ Ուկրաինայի, կամ Ղազախստանի կամ էլ Համագործակցության շանհայյան կազմակերպության անդամ երկրների կոնտինգենտից»,- ասել է նա:
Սմիրնովը միաժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի բանակցություններից, առնվազն այն պատճառով, որ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ: «Պատերազմ, ի դեպ, չի ցանկանում նաեւ Իրանը: Թեհրանը հասկանում է, որ ԼՂ-ում իրավիճակի սրման դեպքում տարածաշրջանում սկզբում կհայտնվեն խաղաղարարները, հետո նաեւ գերտերությունների զորքերը: Թեհրանին սա անխոս մտահոգում է»,-ասել է ռուս փորձագետը:
Բացի այդ, նրա խոսքով, պատերազմի հավանականությունը կախված չէ բանակցություններից: «Այն կախված է կողմերի որոշակի ռիսկերի գնալու պատրաստակամությունից: Նույնիսկ հաջող բանակցությունների դեպքում պատերազմի հավանականությունը չի չեզոքանում: Բաքվի համար խնդիրն այլ տեղ է` կա՞ արդյոք երաշխիք արագ հաղթել պատերազմում եւ արագ հաստատվել գրավված դիրքերում: Այդ երաշխիքը նրան պետք է տա միջազգային հանրությունը, որը որոշ ժամանակով պետք է աչք փակի տեղի ունեցածի վրա եւ կողմերին թողնի դեմ առ դեմ»:




























