Առաջին հայացքից կարող է թվալ, որ արհեստական բանականությունը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Այն հեռու է թվում մեր գործունեության ոլորտից։ Այս մասին հունվարի 31-ին «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Թոմաս Շրապելը։
Այս միջոցառումը, ինչպես նշեց արտասահմանյան հիմնադրամի ներկայացուցիչը, կազմակերպվել է Հայաստանի եւ նրա ժողովրդի համար բավական կարեւոր իրադարձությունից մեկ տարի անց։
«Շատ կարեւոր է, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Հայաստանը,կարողացավ իր մեջ դեպի ապագան նայելու ուժ գտնել։ Արհեստական բանականությունը կարող է ապագա դառնալ հանրապետության տնտեսության համար, լավ հնարավորություն ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ հայության համար։ Այս ամենը կարող է թույլ տալ լավ լուսավոր ապագա ստեղծել։ Գերմանիայում մենք չունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչպես, ասենք, Հայաստանում։ Ես Բեռլինի եւ այլ քաղաքների իմ գործընկերներին անպայման կասեմ, որ հարկ եղած դեպքում պետք է որդեգրել Հայաստանի փորձը։ Գերմանիայի նոր կառավարության համար դա շատ հետաքրքիր կլինի։ Այս միջոցառումն անցկացնելու առաջարկը եղել է վարչապետի աշխատակազմից, եւ ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ամեն ինչ իրականացնել»,- ընդգծեց Թոմաս Շրապելը։




























