«Մոսկվա» կինոթատրոնում «Մղջավանջների ծառուղի» ամերիկյան ֆիլմի ցերեկային ցուցադրության ժամանակ կինոդահլիճում ընդամենը 10 հոգի է, սակայն կինոթատրոնի համար վերջին օրերի ընթացքում սա լավ ցուցանիշ է։ Հունվարի 22-ից հետո, երբ մշակութային կենտրոններում մուտքը թույլատրելի դարձավ միայն պատվաստված կամ թեստավորված քաղաքացիների համար, «Մոսկվա» կինոթատրոնում այցելուների թիվը կտրուկ նվազեց։ Կինոթատրոնի մարքետինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ այս օրերի ընթացքում եղել են դեպքեր, որ 491 հոգանոց դահլիճում կինոցուցադրմանը ներկա է եղել ընդամենը 3 հոգի կամ ֆիլմն ընդհանրապես չի ցուցադրվել հանդիսատեսի բացակայության պատճառով։
«Բազմաթիվ դեպքեր են եղել, որ կարգին ծանոթանալուց հետո չեղարկել են արդեն իսկ առկա ամրագրումը կամ ուղղակի նշել են, որ չունենալով համապատասխան QR կոդը կամ թեստի բացասական պատասխանը չեն այցելի կինոթատրոն։ Ունեցել ենք հանդիսատես, որը մոտեցել է կինոթատրոն տոմս գնելու եւ երբ որ ծանոթացել է գործող կարգին, հրաժարվել է տոմս գնել կամ եղել են դեպքեր, որ մարդիկ մինչեւ ուժի մեջ մտնել են ձեռք բերել տոմս եւ չեն ունեցել համապատասխան QR-ը, մենք էլ տոմսի վերադարձ ենք իրականացրել»,- նշեց Խաչատրյանը։
Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ կորոնավիրուսից եւ պատերազմից հետո։ Վերջին շրջանում նոր-նոր վերականգնվել էլ կինո գնալու մշակույթը, սակայն նոր պարտադրանքը կրկին ճգնաժամային վիճակի վերադարձրեց կինոթատրոնը։
Հանդիսատեսի նվազում է նկատվում նաեւ կինոթատրոնի հարեւանությամբ գործող Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի 625 հոգանոց դահլիճում։
«Հիմա դեռ վաղ է խոսել կոնկրետ թվերի մասին, որովհետեւ դեռ մի շաբաթ է ինչ սկսվեց այդ QR կոդերի առկայությունը, դրա համար դեռ վաղ է խոսել դրա մասին կոնկրետ թվերով, բայց, բնականաբար, նվազում կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ թատրոնի տոմսավաճառը ոչ մեկին ստիպված չի եղել հետ ուղարկել, քանի որ տոմսարկղին այս ընթացքում չպատվաստված կամ չթեստավորված մարդիկ չեն մոտեցել։ Թատրոնի տնօրենը լավ է տրամադրված․ ըստ նրա՝ որոշ ժամանակ անց մարդիկ կհարմարավեն փոփոխություններին եւ մշակութային կենտրոններ այցելությունները կվերականգնվեն։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այցելուների դրական դինամիկա էր նկատվում նախքան առողջապահության նախարարի նոր հրամանը։ Թանգարանն այս տարի գործել է հունվարի 1-ից եւ մինչեւ հունվարի 22-ը ավելի քանի 700 այցելուի է հյուրընկալել։ Սակայն գրեթե տասը օր է՝ թանգարան լավագույն դեպքում տասը մարդ է այցելում։
«Վերջին ժամանակում մենք նկատում էինք, որ տեղացիները, երիտասարդ ընտանիքները իրենց երեխայի հետ նույնիսկ սայլակով, որվհետեւ թանգարանն ունի նման հնարավորություն գալիս էին եւ շատ ուրախալի երեւույթ էր դա։ Այս պահին մենք նկատում ենք կտրուկ նվազումը, օրվա ընթացքում չորսից տաս այցելու հազիվ ենք ունենում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը։
Սոֆյա Սարյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ այցելուին ստիպված թույլ չեն տալիս մտնել թանգարան պատվաստված կամ թեստավորված չլինելու պատճառով։ Եվ հաճախ ստացվում է այնպես, որ թանգարանի այցելուներն առավել շատ լինում են զբոսաշրջիկները։
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի Մոսկովյան մասնաճյուղում, սակայն, հակառակ պատկերն է։ Ինչպես հրամանից առաջ, այնպես էլ՝ այժմ գրադարանը օրական մոտ 30 այցելուի է հյուրընկալում։
«Մեր ընթերցողների մեծ մասն աշխատում են ու նրանց աշխատավայրերում արդեն պահանջում են QR կոդեր։ 99 տոկոսով բոլորը QR կոդով են մտնում գրադարան կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի նկարով»,- ասաց Ավետիք Իսահակյանի գրադարանի Ջորջ Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի վարիչ Օֆելի Դալաքյանը։











