Պաշտպանության նախարար Բենի Գանցը անվտանգության ոլորտում Բահրեյնի իր գործընկերոջ հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, հաղորդում Է Times of Israel-ը:
Ստորագրումից հետո պաշտպանության նախարարը հանդիպել է Բահրեյնի թագաժառանգ արքայազն եւ վարչապետ Սալման բին Համադ Ալ Խալիֆայի, այնուհետեւ թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ:
Փոխըմբռնման հուշագիրը «կօգնի առաջ մղել հետախուզական համագործակցությունը, զորավարժությունների հիմքը եւ համագործակցությունը երկրների պաշտպանական ձեռնարկությունների միջեւ»:
Գանցը համաձայնագիր է ստորագրել Բահրեյնի պաշտպանության նախարար Աբդուլա բին Հասան Ալ Նուայմիի եւ Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Խալիֆ բին Ահմեդ Ալ Խալիֆայի հետ Մանամայում՝ Բահրեյնի պաշտպանության նախարարության կենտրոնակայանում։
«Ռազմավարական համագործակցությունը, որն այսօր հասնում է նոր բարձրագույն կետի՝ այդ համաձայնագրի ստորագրմամբ եւ թագավորի հետ կարեւոր հանդիպմամբ, պատմական Աբրահամյան համաձայնագրերի եւ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ զարգացող հարաբերությունների շարունակությունն է», - ասել է Գանցը արարողության ժամանակ։
«Համաձայնագրերի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց մենք արդեն այստեղ ստորագրում ենք անվտանգության ոլորտում կարեւոր համաձայնագիր, որը թույլ կտա ապահովել ամուր համագործակցություն եւ ամրապնդել երկու երկրների եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը», - ասել է պաշտպանության նախարարը։
Ստորագրումից հետո Ալ Նուայմին Գանցին արարողակարգային սուր է նվիրել։




























