Ուկրաինան եւ Թուրքիան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնի է դարձել Կիեւում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ Թուրքական հանրապետության առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը Ուկրաինայի կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել»,- հայտնել են նրանք ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ էկոնոմիկայի հարցերով առաջին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոն նշել էր, որ սա ոչ միայն առեւտրի, այլ նաեւ փոխադարձ ներդրումների եւ արդյունաբերական համագործակցության մասին համաձայնագիր է։ Այսպիսով, Թուրքիան զգալիորեն ընդլայնում է այն ոլորտները, որտեղ ուկրաինական ընկերությունները կկարողանան մշտական հիմունքներով գործունեություն ծավալել, իսկ Ուկրաինան խրախուսում է թուրքական ձեռնարկությունների աշխատանքը իր մոտ։ Նրա խոսքով, համաձայնագիրը կարող է ՀՆԱ-ի տարեկան 2 տոկոս աճ ապահովել։




























