«Մեծ յոթնյակը», Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է շտապ համագործակցեն, քանի որ աշխարհը գլոբալ առումով սողում է դեպի քաոս եւ անիշխանություն՝ վտանգավոր տեխնոլոգիաների տարածման, դարքնեթի ավելի լայն օգտագործման եւ կրիպտոարժույթների տարածման պատճառով։ Այս մասին The Jerusalem Post-ին ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը։
Նա մանրամասն նկարագրել է աշխարհի սարսափելի պատկերը, ինչպես նաեւ դեպի գլոբալ քաոս սողալու չորս կատալիզատորներ։
Առաջին հերթին, նրա խոսքով, դա արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների ի հայտ գալն է, ինչպես նաեւ երիտասարդ հաքերները, որոնք կարող են իրենց համակարգիչներով եւ բջջային հեռախոսներով անել այնպիսի բաներ, որոնք աներեւակայելի էին թվում ընդամենը մի քանի տարի առաջ:
Երկրորդ կատալիզատորը, շարունակել է Լիբերմանը, ամբողջ աշխարհում կրիպտոարժույթների աճող ժողովրդականությունն է։ Նրա խոսքով՝ այսօր գոյություն ունի 15 000 տարբեր տեսակի կրիպտոարժույթ։ «Մի քանի մարդ հավաքվում է եւ ստեղծում թվային արժույթ»,- ասել է նա: «Իրանում կան կրիպտոարժույթների շուկաներ պատժամիջոցների շրջանցման եւ փողերի լվացման համար, եւ դրանք կարող են օգտագործվել ահաբեկչության եւ հանցագործության ֆինանսավորման համար»,- հավելել է Լիբերմանը։
Երրորդ կատալիզատորը, ըստ Լիբերմանի, այն է, ինչ տեղի է ունենում դարքնեթում՝ հանցագործների եւ ահաբեկչական գործունեության հավաքատեղի։
Չորրորդ կատալիզատորը, նրա խոսքով, միջազգային կարգի ու համակարգերի ոչնչացումն ու փլուզումն է։
Նրա խոսքով՝ դա կարելի է տեսնել Վիեննայում, որտեղ աշխարհի գերտերությունները շարունակում են բանակցել Իրանի հետ՝ նոր միջուկային համաձայնագրի որոնման համար:
Ըստ նրա՝ լուծումն այն է, որ G7-ը աշխատի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ ուղիներ գտնելու նոր աշխարհակարգը կարգավորելու եւ դեպի գլոբալ քաոս սողալը դադարեցնելու համար: «Ձեզ անհրաժեշտ են բոլոր խաղացողները միասին՝ բոլոր այս տարբեր ոլորտներում միասնական կանոնակարգ ստեղծելու համար, քանի որ եթե դա չանեք, ամեն ինչ կշարժվի այն ուղղությամբ, որը հոլիվուդյան ֆիլմերը կդարձնի իրականություն», - զգուշացրել է նա:




























