Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի խնդիրների լուծմանը։ Այս մասին Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահայի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նրա խոսքով՝ Իրանը եւ Սաուդյան Արաբիան երկու կարեւոր երկրներ են տարածաշրջանում եւ մահմեդական աշխարհում, եւ մեծ մուսուլմանական երկրների դերը շատ արդյունավետ է իսլամական ումմայի խնդիրների լուծմանն օգնելու հարցում։ Նա հույս է հայտնել, որ Թեհրանի եւ Ռիադի միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի խնդիրների լուծմանը։
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կազմակերպության քարտուղարությունում իրանական դիվանագիտական ներկայացուցչության բացմանն ուղղված ջանքերի համար։
Հուսեյն Իբրահիմ Թահան, իր հերթին, աջակցել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի բանակցություններին՝ ընդգծելով, որ իսլամական երկրների միջեւ խնդիրների առաջացումը ցավալի է, եւ կազմակերպությունը մուսուլմանական եւ եղբայրական երկրներին խաղաղության եւ երկխոսության է հրավիրում:
ԻԿԿ-ի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը չի կարողանա լուծել իսլամական աշխարհի խնդիրներն առանց բոլոր իսլամական երկրների ակտիվ մասնակցության ու համագործակցության։





























