Իշխանությունը հորդորում է, որ ընդդիմությունն աչք փակի նրա վրա, որ իրենք հայ-թուրքական անհասկանալի բանակցություններ են վարում հայ հանրությունից գաղտնի, առաջարկում է աչք փակել նրա վրա, որ իրենց իշխանության համար գերիների հարցն այլեւս օրակարգային չէ, առաջարկում է ընդդիմությանը աչք փակել իրավական պետության ջախջախման վրա, որն իրենք տանում են այս պահին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ խմբակցության ղեկավարը հորդորել էր ընդդիմությանը կողմ քվեարկել ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածությանը:

Նա նաեւ նկատեց, որ իշխանությունը հորդորում է մոռանալ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը փոխարինվել է «Նիկոլի իշխանության պաշտպանով»:

«Հետեւաբար իրենց առաջարկներին, որոնք Հայաստանի կործանումը եւ Արցախի հանձնումը թուրքին իրականություն են դարձրել, լուրջ վերաբերվել, ավելին քան հերթական դավադրություն, ես չեմ կարող»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աննա Մկրտչյանն ասաց, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել ոչ «Հայաստան» խմբակցության հետ, ոչ առանձին. «ԱԺ նիստի օրակարգ մտնելուն պես, կարծում եմ, կքննարկենք»,-ասաց նա:

Նշենք, սակայն, որ արդեն ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ չեն առաջադրելու նախագահի թեկնածու: